Հոգեբանական առումով դիստանցիան կարևորվում է հոգեթերապիայի բոլոր ձևերում, հատկապես՝ հոգեվերլուծությունում:
Դիստանցիան «տարածություն» է այցելուի և հոգեթերապևտի միջև: Ընդհանուր առմամբ, որպես երևույթ՝ դիստանցիան դրսևորվում է ֆիզիկական, սոցիալական, իրավական, հոգեբանական, հոգեթերապևտիկ և մի շարք այլ ասպարեզներում: Բոլոր գոյություն ունեցող ձևերում, իր բոլոր արտահայտումներում «դիստանցիան» հետապնդում է մի շարք հստակ նպատակներ:
Վերլուծական դիստանցիան վերլուծական շրջանակի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն է: Շրջանակի մյուս մասերի հետ մեկտեղ այն պայմանավորում է աշխատանքի որակը: Դիստանցիան հիմնականում ձևավորվում է վերլուծական աշխատանքի ժամանակ: Որոշ դեպքերում և որոշ առումներով դիստանցիայի ձևավորումը սկսվում է նախքան այցելուի և մասնագետի առաջին հանդիպումը:
«Ճիշտ» դիստանցիան իր հիմքում ենթադրում է հարգանք` կատարվող աշխատանքի, ինչպես նաև վերլուծության երկու կողմերը ներկայացնող անձանց նկատմամբ:
Միջանձնային փոխհարաբերություններում դիստանցիան ունի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք առկա են միջազգային, միջպետական հարաբերություններում, ինչպես նաև կենցաղում, օրինակ՝ հարևանների միջև: Բոլոր դեպքերում կան սահմաններ, որոնց պահպանման համար ստեղծվել և գործում են հատուկ օրենքներ: Միջպետական, միջանձնային և միջկոնֆեսիոնալ սահմանների անօրեն խախտումը հաճախ բերում է անցանկալի հետևանքների: Այդ առումով վերլուծողը հատկապես ուշադիր պետք է լինի իր և իր այցելուի միջև եղած դիստանցիայի պահպանմանը:
«Սահման» և «դիստանցիա» հասկացությունները տարբեր են, սակայն շատերը դրանք շփոթում կամ նույնականացնում են:
Թերապիայի ընթացքում նևրոտիկ անձնավորությունները բազմիցս կամա թե ակամա փորձում են խախտել միջանձնային սահմանները և փոփոխել միջանձնային դիստանցիայի չափերը: Նրանք դա հաճախ անում են ենթագիտակցորեն՝ ստուգելու համար վերլուծողի «մասնագիտական ամրությունը»: Դրանով այցելուն նաև արտահայտում է իր դիմադրությունը վերլուծական պրոցեսին:
Աշխատանքում ցանկալի է պահպանել դիվանագիտական հարաբերություններ։ Նախընտրելի է, որ վերլուծողը ձգտի մշտապես գտնվել «բարյացակամ-չեզոք» հոգեվիճակում և մշտապես հիշի, որ այցելուն եկել է իր առողջական կարիքները բավարարելու նպատակով: Նրա վարքագծի բոլոր արտահայտումները հարկավոր է դիտարկել իբրև ախտանիշներ: Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ վերլուծողը նույնպես սուբյեկտիվ է (իբրև մարդ` ունի իր անձնային թերությունները, սակայն դրանք անհամեմատ քիչ են, քան այցելուինը, քանի որ վերլուծողն այդ ուղղությամբ պարտադիր կերպով երկարատև աշխատել է իր վերլուծողի հետ) և ունի իր աշխատանքային նպատակները վերլուծության պրոցեսում, օրինակ՝ պարտավոր է մշտապես կատարել իր «հակատրանսֆերի» վերլուծություն:
Երկու կողմերի շարժառիթները, միջանձնային սահմաններն ու դիստանցիան հարկավոր է պահպանել և պահել ուշադրության կենտրոնում: Ցանկալի է, որ վերլուծողը, պահպանելով դիստանցիան, իր վերլուծական աշխատանքով նպաստի նաև այցելուի կողմից միջանձնային դիստանցիայի պահպանմանը:
Բուժական, թերապևտիկ նպատակից զատ՝ դիստանցիայի պահպանումը կողմերին զերծ է պահում միջանձնային տարբեր «դժբախտ» պատահարներից:
Այցելուի կողմից պահպանվող դիստանցիան որոշակի լարվածություն է առաջացնում նրա իսկ հոգեկանում: Բնական է, որ անցանկալի լարումն իջեցնելու նպատակով այցելուները հաճախ ձգտում են խախտել դիստանցիան՝ կրճատելով կամ մեծացնելով այն:
Արդյունավետ հոգեվերլուծական աշխատանքը ստեղծում է պայմաններ և հնարավորություններ՝ այդ լարման միջոցով այցելուի նևրոտիկ խնդիրներն առավել ցայտուն և հեշտ լուծվող դարձնելու: Դիստանցիայի խախտումները թերապիայում ինքնին կարող են վերլուծության ենթակա կարևոր նյութ լինել:
Դիստանցիան հարաբերական երևույթ է․ նմանատիպ իրավիճակներում նույնանման թվացող դիստանցիաները կարող են էապես շատ տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ, ինչպես նաև նույն մարդու մոտ՝ տարբեր իրավիճակներում:
Յուրաքանչյուր դեպք հարկավոր է վերլուծել՝ կիրառելով անհատական մոտեցում, հաշվի առնելով տվյալ դեպքին բնորոշ առանձնահատկությունները:
Աշխատելիս մշտապես ցանկալի է հիշել այն մասին, որ որակյալ և արդյունավետ հարաբերությունների, առավել ևս՝ աշխատանքային հարաբերությունների հիմքում պետք է լինի հարգանքը միմյանց անձերի նկատմամբ:
Աֆորիզմներ
Ընկերությունը՝ վեցից հետո:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Արեգակին պետք է հեռվից նայել:
Շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցիր:
Բարեկամիդ հետ գործ մի արա:
Ծառայությունը՝ ծառայություն, ընկերությունն՝ ընկերություն:
Վստահիր, բայց ստուգիր:
Օրենքը խիստ է, սակայն օրենք է (լատ․)։
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԻՍՏԱՆՑԻԱ
/ 13.03.2023 /