Վերլուծական շրջանակի կարևոր մասերից մեկն է սեանսների հաճախականությունը: Հաճախականության գործոնն ունի կազմակերպչական և հոգեբանական իմաստ:
1. Հաճախականության ստույգ պահպանումը նպաստում է և՛ թերապևտի, և՛ այցելուի արդյունավետ աշխատանքին: Չէ՞ որ երկու կողմերն էլ, բացի վերլուծական աշխատանքից, ունեն մի շարք այլ պարտավորություններ, պատասխանատվություններ և հոգսեր:
Իսկ աշխատանքի պարբերական բնույթը նպաստում է նրան, որ կողմերը հնարավորինս կենտրոնանան վերլուծական աշխատանքի վրա: Ինֆորմացիոն ծանրաբեռնվածության պայմաններում հաճախականության պահպանումը, սեանսների կանոնավոր անցկացումը նպաստում են հոգեվերլուծական աշխատանքում ստացած գիտելիքների, փորձի և ունակությունների ամրապնդմանն, ինչպես նաև այցելուի պատասխանատվության զգացման զարգացմանը:
Միևնույն ժամանակ՝ և՛ այցելուի, և՛ թերապևտի մոտ առաջանում են պայմանական ռեֆլեքսներ, որոնք անհամեմատ հեշտացնում են հոգեվերլուծական աշխատանքը:
2. Հաճախականության գործոնն ունի ախտորոշիչ նշանակություն:
3. Հաճախականության գործոնը տալիս է աշխատանքի ինտենսիվությունը կարգավորելու հնարավորություն:
4. Հաճախականության գործոնն ունի նաև ֆինանսական կարևոր նշանակություն: Հաճախակի սեանսներն ավելի շատ ֆինանսներ են պահանջում ներկա ժամանակահատվածում, սակայն, մյուս կողմից, կրճատվում է թերապիայի ընդհանուր տևողությունը: Հարկավոր է այցելուին օգնել ընտրել իր համար այնպիսի հաճախականություն, որը հարմար կլինի թե՛ ֆինանսական, թե՛ վերլուծական առումներով:
Արդյունավետ նվազագույն հաճախականությունը շաբաթը մեկ անգամն է: Առավելագույնը՝ շաբաթը երեքից չորս անգամը: Զիգմունդ Ֆրեյդն աշխատում էր շաբաթը վեց օր՝ մեկ օր ընդմիջումով:
Եվ՛ հաճախականության, և՛ գումարի չափի հարցերում գործում է մի օրենք․ ավելացնել կարելի է, պակասեցնել՝ ոչ:
Աշխատանքը պետք է շարունակվի նախապես որոշված հաճախականությունից ոչ պակաս: Դա նույնպես նպաստում է այցելուի պատասխանատվության զարգացմանը:
Երբեմն որոշ այցելուներ ցանկանում են լրացուցիչ հանդիպում: Եթե այդ երևույթը կրկնվում է հաճախ, կարելի է նրանց առաջարկել շաբաթը մեկ անգամով ավելացնել պլանային հաճախումները:
Այս միջոցը կարելի է օգտագործել նաև այն դեպքերում, երբ այցելուն դժվարանում է կողմնորոշվել մեկ կամ երկու (երեք, չորս) այցելությունների միջև: Նա կարող է վերցնել մի քանի լրացուցիչ հանդիպում և դրանով ճշտել, թե իր համար որ հաճախականությունն է առավել արդյունավետ:
Երբ այցելուն ցանկանում է պակասեցնել սեանսների հաճախականությունը (օրենքներն իմանալով հանդերձ), հարկավոր է նրա այդ ցանկությունը դիտել իբրև ախտանիշ և անպայման միասին վերլուծել:
Տարբեր վերլուծական դպրոցներ ունեն տարբեր մոտեցումներ սեանսների հաճախականության վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ՝ գրեթե բոլորը համաձայն են, որ երկու շաբաթը մեկ անգամ հաճախականությունն արդյունավետ չէ:
Երկու շաբաթվա ընթացքում նախորդ սեանսի նյութերը գրեթե մոռացվում են, և դրանք հաջորդ սեանսին կրկնելու կարիք է առաջանում, ինչը խլում է սեանսի ժամանակից և պակասեցնում է աշխատանքի արդյունավետությունը:
Բացի այդ, երկու շաբաթում այցելուի կյանքում կարող են տեղի ունենալ բազմաթիվ, անձնական տեսակետից կարևոր նշանակության իրադարձություններ, որոնք հրատապ վերլուծություն են պահանջում: Դրանք ժամանակին չվերլուծելը կարող է սրել այցելուի, առանց այն էլ, ոչ բարվոք հոգեվիճակը:
Չնայած դրան՝ որոշ վերլուծական դպրոցներ երբեմն կիրառում են հանդիպումների՝ երկու շաբաթը մեկ անգամ հաճախականությունը: Սակայն դա հիմնականում վերաբերում է այսպես կոչված սուպերվիզիաներին (մասնագիտական վերահսկում):
Աֆորիզմներ
Շտապիր դանդաղ:
Մի՛ շտապիր, թե չէ կհասնես:
Ուշ լինի, նուշ լինի:
Շտապողի կինը տղա չի բերում:
Շտապես, մարդկանց կզվարճացնես:
Շտապողականությունը լավ է ոջիլ որսալիս:
Ժամանակը ոսկի է (փող է):
Լավ է ուշ, քան երբեք:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՍԵԱՆՍՆԵՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
/ 13.03.2023 /