Վճարման ձևն ու գումարի չափն ունեն իրենց առանձնահատկությունները և մեծ նշանակությունը թերապևտիկ գործընթացում:
Ցանկացած ծառայություն մատուցելիս նախապես պայմանավորվում են ծառայության գնի վերաբերյալ: Դա հնարավորություն է տալիս հետագայում զերծ մնալու բազմաթիվ անախորժություններից:
Վճարման մասին այցելուի հետ լավ է խոսել նախքան աշխատանքը սկսելը: Հարկավոր է քննարկել և ճշտել մանրամասները՝ կապված գումարի չափի և վճարման ձևի հետ, և միայն դրանից հետո վերջնականորեն պայմանավորվել: Որոշ դեպքերում կնքվում է նաև գրավոր պայմանագիր: Գոյություն ունի վճարման երկու տարածված ձև՝ ֆիքսված և չֆիքսված:
Ֆիքսված ձև․ թերապևտն այցելուին հայտնում է իր ժամավճարի չափը, որոշվում է հաճախականությունը և ըստ այդմ՝ ամսավճարը: Այս ձևը հիմնականում կիրառվում է հոգեբանական խորհրդատվության մեջ, տարբեր հոգեթերապևտիկ ուղղություններում և որոշ չափով՝ հոգեվերլուծության մեջ:
Չֆիքսված ձև․ այս դեպքում այցելուի նկատմամբ կիրառվում է անհատական մոտեցում: Հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները․
1) այցելուի ֆինանսական հնարավորությունները,
2) որքան է նա պատրաստ վճարել,
3) հասարակության սոցիալական վիճակը:
Գումարի ճիշտ ընտրված չափը նպաստում է այցելուի բուժմանը:
Այցելուն բուժման ընթացքում վճարում է այցելած և չայցելած սեանսների համար: Այս պարագայում վճարման չափը և ձևը լրացուցիչ խթան են այցելուի համար․ դրանք նպաստում են այցելությունների կանոնավորության պահպանմանն ու այցելուի պարտաճանաչության զարգացմանն, ինչպես նաև՝ նրա պատասխանատվության բարձրացմանն, ինչը խիստ անհրաժեշտ է, մասնավորապես, նևրոզի բուժման ժամանակ:
Գումարի չափի որոշումը
Պետք է հաշվի առնել, որ սեանսների տևողությունը երկար է՝ ամիսներ, տարիներ: Գումարի չափը պետք է լինի այնքան, որ այցելուն ափսոսի և չբացակայի: Միևնույն ժամանակ, այն չպետք է լինի այնքան մեծ, որ այցելուն ընդհատի բուժումը: Գումարը կարելի է ավելացնել, բայց՝ ոչ պակասեցնել:
Վճարման ձևերը
Վճարման ձևը նույնպես ունի ախտորոշիչ և բուժական նշանակություն: Ինֆորմացիան այն մասին, թե այցելուն ինչպես է կատարում իր սեանսների համար վճարումները, կարող է մասնագետին որոշակի տեղեկություններ տալ այցելուի անձնային որակների վերաբերյալ: Հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին․
1) այցելուն ժամանակին է կատարում վճարումները, թե՝ ուշացումով;
2) վճարումը կատարում է յուրաքանչյուր սեանսից հետո, շաբաթական, թե ամսական կտրվածքով;
3) գումարը հանձնում է առձեռն, դնում է սեղանին, տալիս է ծրարով և այլն;
4) խոշոր գումար է տալիս՝ մանրի վերադարձի ակնկալիքով, կամ տալիս է գումարի ճիշտ չափը:
Գումարի նշանակությունը հոգեվերլուծության մեջ․
1) օգնություն,
2) արդարություն,
3) իշխանություն,
4) մտերմություն,
5) ջերմություն,
6) սեռական մտերմություն,
7) պարտավորվածություն,
8 ) ագրեսիա,
9) կաշառք,
10) գայթակղություն,
11) պարգևատրում,
12) ուշադրություն,
13) կախվածություն։
Աֆորիզմներ
Փողով բերանը փակել
Փողը փող է բերում:
Փողը ձեռքի կեղտ է:
Փողերը լվանալ
Փողը ձեռքի հետ լվացվում է:
Փողը լավ ծառա է, բայց վատ տեր:
Ինչպես գալիս է, այնպես էլ գնում է:
Հոգի կտա, փող չի տա:
Փողով հոգին կվաճառի:
Ժամանակը փող է:
Փողը շատ չի լինում:
Փողը գալիս է կրեայի պես:
Փողը մութ տեղը լույս է տալիս:
Բժշկի սխալը ծածկում է հողը, հարուստինը՝ փողը:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈՆՈՐԱՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԵՐԸ
/ 13.03.2023 /