Գոյություն ունեցող հարյուրավոր հոգեթերապևտիկ ուղղությունների շարքում հոգեվերլուծությունն առանձնանում է իր խորությամբ, արդյունավետությամբ, ինչպես նաև իր հոգեբանափիլիսոփայական ասպեկտներով:
Ի տարբերություն շատ այլ մեթոդների՝ հոգեվերլուծությունը կարողանում է արդյունավետ փոփոխություններ կատարել անձի առավել խորքային շերտերում: Այս հատկությունների շնորհիվ` վերլուծական մեթոդը կոչվում է նաև «խորքային մեթոդ», կամ «խորքային թերապիա»:
Սկիզբ առնելով 19-րդ դարում՝ հոգեվերլուծությունը մինչ օրս պահպանել է իր հիմնական մոտեցումները՝ ազատ ասոցիացիաների օրենքը, վերլուծական շրջանակը, երազների վերլուծությունը, փոխանցումը, հակափոխանցումը և այլն: Այս առումով վերլուծությունն ավանդական ուղղություն է: Միևնույն ժամանակ, այն շատ ճկուն է և զարգացող:
Այսօր հոգեվերլուծական գիտելիքները կիրառվում են հոգեթերապևտիկ այլ ուղղություններում, ինչպես նաև մանկավարժությունում, մարքեթինգում, գովազդում, արվեստի բազմաթիվ ճյուղերում և բանկային համակարգում:
Լայն ճանաչում գտած վերլուծական տեսությունից զատ՝ գոյություն ունեն վերլուծական պրակտիկային վերաբերող ունիվերսալ սկզբունքներ: Դրանց իմացությունը, առավել ևս՝ կիրառումը, կարող է շատ օգտակար լինել «մարդ–մարդ» համակարգում աշխատող մասնագետներին՝ հոգեբաններին, հոգեբույժներին, հոգեթերապևտներին, բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, մենեջերներին, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին, մարզիչներին, գործարարներին և այլն:
Վերլուծական սկզբունքները նկարագրող տեսությունը, կարելի է ասել, գտնվում է մաքուր տեսության և պրակտիկայի միջև, դրանց սահմանին: Հոգեվերլուծվել ցանկացողների համար այն յուրատեսակ ձեռնարկ է, որը կարող է նպաստել «վերլուծական շրջանակի» (աշխատանքային պայմաններ և գործիքներ) երբեմն դժվար նշմարվող սահմանները պահպանելուն:
Այս աշխատանքում փորձ է արվել ներկայացնել տեսակետներ՝ վերլուծության կիրառական ասպեկտների վերաբերյալ:
Աշխատանքը նպատակ ունի վերլուծական փորձով հարստացնելու ոչ վերլուծական ուղղություններով զբաղվող հոգեբանների և հոգեթերապևտների գործիքակազմը:
Դե իսկ ուսանողներին ներկայացվող գիտելիքները կարող են օգտակար լինել ոչ միայն նրանց հետագա մասնագիտական գործունեությունում, այլ նաև անձնական կյանքում։ Չէ՞ որ ցանկացած հոգեթերապևտիկ հարաբերություն, ի վերջո, երկու անձերի փոխհարաբերություն է:
«Հոգեվերլուծության հետազոտման և ուսուցման հայկական միություն», 1994
Նախագահ՝ հոգեբույժ-հոգեվերլուծող Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅՈՒՄ
/ 13.03.2023 /