Ցանկացած հաղորդակցում ենթադրում է նաև լռության պահեր: Վերլուծական աշխատանքում դրանք կարող են օգտագործվել ինչպես թերապիայի, այնպես էլ ախտորոշման նպատակներով:
Հոգեվերլուծության պրոցեսում լռությունը կարող է վերաբերել ինչպես վերլուծվողին, այնպես էլ վերլուծաբանին: Լինում են դեպքեր, երբ երկու կողմերն էլ լռում են միաժամանակ:
Հոգեվերլուծողի լռությունը հիմնականում լինում է հետևյալ դեպքերում.
✅երբ վերլուծողը սպասում է վերլուծվողի կողմից տրվող ինֆորմացիային;
✅այցելույին լսելու ժամանակ;
✅մտովի վերլուծական աշխատանք կատարելիս, երբ նա դեռ չի ձևակերպել իր ասելիքը խոսքերով;
✅սակավ հանդիպող դեպքերում՝ երբ վերլուծողը քնում է սեանսի ժամանակ;
✅երբ վերլուծողը հատուկ միտումով լռում է՝ այցելույին խոսակցության մեջ ներգրավելու նպատակով;
✅երբ վերլուծողը գտնվում է իր կոնտրտրանսֆերի վերլուծման պրոցեսում։
Հոգեվերլուծվողի լռությունը լինում է.
✅երբ, վերջինիս կարծիքով, ինքը ոչինչ չունի ասելու;
✅երբ նա դժվարանում է ճշգրիտ արտահայտվել, փորձում է իր միտքը ձևակերպել խոսքով, վերբալացնել այն;
✅երբ վերլուծվողը չի ցանկանում արտահայտել իր մտքերն ու զգացողությունները՝ ներքին դիմադրություններից ելնելով;
✅երբ վերլուծվողը քնում է սեանսի ժամանակ։
Լռությունն այն հիմնախնդիրներից մեկն է, որը հոգեվերլուծական պրոցեսում փորձության է ենթարկում թե վերլուծողին, թե վերլուծվողին:
Տվյալ դեպքում, փորձություն ասելով՝ հասկանում ենք դժվարություն՝ հուզական վիճակները զսպելու, կառավարելու և «բարյացակամ չեզոք» կարգավիճակը պահպանելու հարցում:
Ցանկալի է, որ վերլուծողի կոնտրտրանսֆերը լինի մինիմալ, իսկ ավելի ճիշտ, ձգտի զրոյի: Դա հնարավորություն է տալիս ստեղծելու չեզոքության ձգտող մի դաշտ, մի էկրան, որի վրա պրոյեկտվում են վերլուծվողի պատկերացումները, վերաբերմունքն ու զգացմունքները:
Բնական է, որ փորձառու հոգեվերլուծողը լռության պահերը կծառայեցնի այցելուի շահերին:
Թերապիայի ընթացքում լինում են դեպքեր, երբ լռությունը տևում է րոպեներ կամ տասնյակ րոպեներ:
Գրականությունում և վերլուծական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ լռությունը շարունակվում է մի քանի սեանս անընդմեջ: Նման սեանսներն ամենևին էլ պետք չէ անօգուտ համարել: Հաճախ լռության պահերն այցելուին ավելի մեծ առաջընթացի են մղում, քան դիմադրության բնույթ կրող անկարևոր խոսակցությունները:
Հոգեվերլուծողը պետք է միշտ պատրաստ լինի հարգանքով և ըմբռնումով մոտենալ այցելուի լռությանը: Նա պետք է այցելույի լռության պահերը դիտարկի իբրև իմաստներ, որոշ դեպքերում՝ խորհրդանշական:
Այս առումով լռության վերլուծությունը նման է երազների կամ ախտանիշների վերլուծությանը: Չէ՞ որ երազներն էլ, նևրոտիկ ախտանիշներն էլ պարունակում են յուրատեսակ թաքնված իմաստներ, որոնք դեռ չեն հասել գիտակցություն:
Վերլուծողն այցելուի լռության ժամանակ իր հոգեկանում առաջացած լարումները կարող է թեթևացնել՝ ինտենսիվորեն վերլուծելով իր սեփական զգացմունքներն ու ապրումները: Դա կթեթևացնի լարումը, կնպաստի համբերատար սպասելուն և մտածելուն, մինչև այցելուն արտահայտվի:
Միայն այդ պարագայում վերլուծողը կկարողանա հնարավորինս անաչառ ընկալել և վերլուծել նրա խոսքը կամ լռությունն ու դրա հնարավոր պատճառները:
Այսպիսով՝ այցելուի լռության պահերին վերլուծողը մեծ աշխատանք ունի անելու իր սեփական զգացմունքների հետ: Աշխատանքի փորձառության ավելացման հետ մեկտեղ վերլուծողները պատրաստ են լինում ավելի հանգիստ տանել «տարբեր այցելուների տարատեսակ լռությունները»:
Լռության և խոսելու պրոցեսներն, ինչպես արդեն նշեցինք, մետաֆորիկ առումով նման են նևրոզների ախտանիշներին: Այդ ախտանիշներից ազատվելու գործընթացները նույնպես բազմաթիվ նմանություններ ունեն:
Հոգեվերլուծության հիմնական նպատակներից մեկը մարդուն օգնելն է գիտակցել և խոսքով արտահայտել իր նևրոտիկ ապրումները՝ թեթևացնելով իր հոգեվիճակը:
Վերլուծական պրոցեսը վերբալացման մի մեծ և կարևոր գործընթաց է, երբ մարդը սովորում է խոսքերով արտահայտել այն, ինչն իրեն երկար ժամանակ տառապանք էր պատճառում, սակայն նա չէր էլ գիտակցում այդ դժվարությունների բովանդակությունը, էությունը և պատճառը: Որոշ հոգեմարմնական խանգարումների դեպքերում՝ նաև գոյությունը:
Խոսքերի միջոցով արտահայտվելով՝ նա ի վերջո մոտենում է ախտանիշների թաքնված իմաստների գիտակցմանը, ինչը խորապես նպաստում է ապաքինմանը:
Աֆորիզմներ
Մարդ մի բերան ունի, երկու ականջ:
Լռությունը ոսկի է:
Շատ լսիր, քիչ խոսիր:
Բերան ունի, լեզու չունի:
Յոթ անգամ մտածիր, մեկ անգամ խոսիր:
Խելոքը խոսում է, իմաստունը՝ լսում:
Լռությունը համաձայնության նշան է:
Լռությունը չիմանալու նշան է:
Լռությունը ամաչկոտության նշան է:
Լռությունը համեստության նշան է:
Լռությունը զիջողականության նշան է:
Լռությունը իմաստության նշան է:
Եղիր առաջինը, երբ պետք է լսել, և վերջինը, երբ պետք է խոսել:
Ասողին լսող է պետք:
Լսողին ասող է պետք:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը
ԼՌՈՒԹՅՈՒՆ
/ 13.03.2023 /